ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Հայ աբստրակցիոնիստների ցուցադրության պատկերագիրքը
- Ամսաթիվ 07 սպտ 2018
Սեպտեմբերի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի և «Արծիվ» սրահներում անցկացվեց «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրության շրջայց և պատկերագրքի շնորհանդես՝ մասնակից արվեստագետների հետ միասին. Ալբերտ Հակոբյան, Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Գևորգ Քասաբյան, Էդիկ Պողոսյան, Լեո Լեո Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Համլետ Հովսեփյան, Մոկո Խաչատրյան, Յուրա Հարությունյան, Վահան Ռումելյան:
«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փորձ է՝ ներկայացնելու այսօր Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը, որը շատ ավելի ընդարձակ է, քան այս ցուցադրության սահմաններն են: Ընտրված տասնմեկ արվեստագետները պատկերավոր կերպով ներկայացնում են՝ որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ թե՛ ձևով, թե՛ գեղագիտությամբ, թե՛ տեխնիկայով: Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կամ առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը, կամ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար: Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրահատուկ անդրադարձ է կատարում հայ ժամանակակից աբստրակտ արվեստին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ցուցադրությունը, վերջինիս հայեցակարգն ու մասնակից արվեստագետները: Այցելուները հնարավորություն ունեցան հարցեր հղելու և քննարկելու ցուցադրությունը արվեստագետների հետ: Շրջայցի վերջում կայացավ նաև ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը Կենտրոնի «Արծիվ» սրահում: