Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասնակցում է Հայաստանում ֆրանսիական գրականության օրերին

  • Ամսաթիվ 02 հկտ 2010

 

Հայաստանում Ֆրանսիական գրականության օրերի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկազմակերպվի հայտնի ֆրանսիացի գրող և ռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեին նվիրված ցուցահանդեսը: 
Հոկտեմբերի 2-ից 8-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը ներկայացնելու է նշանավոր գրողի անձնական արխիվի տարբեր նմուշներ, որոնք ներկայումս պահվում են ֆրանսիական Mémoires de l’Edition Contemporaine (IMEC) ինստիտուտում: 

«ֆրանսիական գրականությանը նվիրված այս յուրահատուկ ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր հետևողական մասնակցությունն է ցուցաբերում միջազգային մշակութային հարաբերությունների կայացմանը: Մենք ուրախ ենք, որ մասնակից ենք դարձել Ֆրանսիական գրականության օրերին և հնարավորություն ունենք նպաստել Հայաստան-Ֆրանսիա կամրջի ամրապնդմանը», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: 

Ալեն Ռոբ-Գրիյեին և «Նոր վեպ» գրական շարժմանը նվիրված Ֆրանսիական գրականության օրերը Երևանում կազմակերպել են Մշակութային գործունեության և համագործակցության ծառայության, Հայաստանում ֆրանսիական դեսպանատան «Գրադարանի Ընկերներ» ընկերակցության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և IMEC-ի համատեղ ջանքերով` գրողի այրի Կատրին  Ռոբ-Գրիյեի անմիջական աջակցությամբ: Ցուցահանդեսից բացի, միջոցառումների շարքն ընդգրկում է ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ և քննարկումներ տարբեր մշակութային օջախներում և ԲՈՒՀ-երում: 

Ֆրանսիացի նշանավոր գրող և կինոռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեն համարվում է «Նոր վեպ» գրական շարժման հիմնադիրներից մեկը: Այդ շարժումը սկիզբ է առել 1950 թվականին` իբրև ֆրանսիական դասական վեպի ժանրի վերաիմաստավորում: Ռոբ-Գրիյեի ամենաճանաչված վեպերից են «Դիտորդը» և «Խանդը»: Ռոբ-Գրիյեն նաև հայտնի է իր սցենարներով, որոնցից մասնավորապես կարելի է նշել Ալեն Ռեսնեի 1961 թվականին նկարահանված «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի սցենարը: Վաթսունական թվականների ֆրանսիական կինոյի լավագույն նմուշներից մեկը համարվող այդ ֆիլմին հաջորդել են նաև այլ ֆիլմեր, որոնց սցենարիստը և ռեժիսորը հենց ինքը` Ռոբ-Գրիյեն էր: 

 

Դիտել միջոցառման տեսանյութը