Երեխաների պաշտպանության միջազգային օր 2012
- Ամսաթիվ 01 հնս 2012
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների՝ Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների և մանկատան սաների:
Միջոցառումն անց է կացվում պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի բարձր հովանավորությամբ: Կազմակերպիչ-հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Հունիսի 1-ի տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները, մարդ-տիկնիկները և լարախաղացները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:
Միջոցառումների համերգային հատվածը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր կերգեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Անակնկալ է սպասում նաև մեծահասակներին: Համերգային ծրագիրը կամփոփվի «Սուրեն Առուստամյան և ընկերներ» խմբի հրաշալի երաժշտական կատարումներով: Երեկոն կավարտվի ժ 22:00-ին Երևանի գիշերային երկնքում լուսավառվող շքեղ հրավառությամբ: