Զադիկ Զադիկյան․ ՎԵՐԱԴԱՐՁ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Զադիկ Զադիկյանի առաջին ցուցահանդեսը իր ծննդավայր Հայաստանում։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Զադիկ Զադիկյանի առաջին ցուցահանդեսը իր ծննդավայր Հայաստանում. «ՎԵՐԱԴԱՐՁ»: Այս ցուցադրության շրջանակում ներառված ամերիկահայ արվեստագետի ամենակարևոր կոթողային աշխատանքներից մեկը՝ «Օտարներ»-ը, խորհրդանշում է հայրենիք վերադառնալու երկար ուղին, որ ձևավորվել է տարագրության, ինքնության տրանսֆորմացիաների և ստեղծագործական բուռն հորձանուտում: Գրեթե վեց տասնամյակ հետո Զադիկյանի վերադարձը զուտ անձնական չէ. սա բազմաշերտ գեղարվեստական և գոյաբանական վերաինտեգրման քայլ է։
«Օտարներ» աշխատանքը վերաիմաստավորվել և վերակազմվել է Հայաստանում որպես մոնումենտալ, հատուկ տեղայնացված ինստալյացիա:
Վերաինստալյացիայից ավելին, աշխատանքը ենթարկվել է մետամորֆոզի. արվեստագետը կառուցում է ամբողջովին նոր միջավայր: «Ցուցասրահ Մեկ»-ի ծավալուն պատը վերածվել է արհեստական սև անհունի. մի տարածք, որը ոչ թե ստեղծագործության համար ֆոն է, այլ` աշխատանքի անբաժանելի մաս:
Հայտնվելով անընդհատ մարդկային հոսքով հանրային վայրում` աշխատանքը տարածվում է իր ֆիզիկական ձևից անդին՝ վերածվելով մշտապես ապրվող փորձառության: Դատարկության մեջ հառնող ոսկեգույն դեմքերն սկսում են արտացոլել անցորդ այցելուներին՝ միախառնելով նրանց ինքնությունները հենց ինստալյացիայի մեջ: Այսպիսով՝ «Օտարներ»-ը դառնում է ոչ միայն տեղահանման մասին խորհրդածություն, այլև՝ իմերսիվ հանդիպում, որտեղ դիտողի և պատկերի, օտարի և ես-ի միջև գիծը տարալուծվում է։
Այս արհեստական տիեզերական դաշտում հայտնվում են հազարավոր ոսկեգույն դեմքեր, ցրված ինչպես աստղափոշին՝ ֆորմայի ներկայության և բացակայության միջև։ Նրանց ոսկեզօծ ձևերը սավառնում են խավարում ինչպես հիշողության համաստեղություններ անժամանակ տարածության մեջ։
Զադիկ Զադիկյանը Հայաստանում իր առաջին ցուցադրությունը նվիրում է 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինվորների լուսավոր հիշատակին:
Զադիկ Զադիկյանը (ծնվ. 1946, Երևան, Հայաստան) ամերիկահայ արվեստագետ է, ով հայտնի է ոսկե թերթավորման տեխնիկայով յուրահատուկ քանդակներ և ինստալյացիաներ ստեղծելով։ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում սովորելուց հետո 1966-ին փախել է Խորհրդային Միությունից՝ լողալով հատելով Արաքս գետը՝ գեղարվեստական ազատություն փնտրելու ձգտումով։ 1968-ին հաստատվել է ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ աշխատել է քանդակագործ Բենջամին Բուֆանոյի հետ, իսկ ավելի ուշ՝ 1973-ին, տեղափոխվել է Նյու Յորք՝ համագործակցելու հռչակավոր մինիմալիստ արվեստագետ Ռիչարդ Սերրայի հետ։
Նյու Յորքում Զադիկյանը սկսել է ստեղծել իմերսիվ ինստալյացիաներ, այդ թվում՝ ամբողջական սրահներ նկարազարդել և ճարտարապետական տարածքներ վերափոխել այնպիսի վայրերում, ինչպիսիք են White Columns-ը և 112 Greene Street-ը։ Նրա 1975-ի ինստալյացիան Նյու Յորքի P.S.1-ում, 1978-ի «1000 Bricks Gilded in 24-Cat Gold Leaf» աշխատանքը Թոնի Շաֆրազիի ցուցասրահում՝ Թեհրանում (Իրան), նշանավորեցին ոսկին գեղարվեստական լեզվով հետազոտելու նրա ուղու սկիզբը՝ որպես ջերմության, էներգիայի և վերափոխման խորհրդանիշ։
Զադիկյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցասրահներում և ինստիտուցիաներում, այդ թվում՝ Թոնի Շաֆրազիի ցուցասրահում (Նյու Յորք, ԱՄՆ), MoMA PS1-ում (Նյու Յորք), Նյուփորտ Հարբորի արվեստի թանգարանում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), Մալոնի Ֆայն Արթում (Լոս Անջելես, ԱՄՆ), ինչպես նաև միջազգային հարթակներում՝ Art Dubai (Etemad պատկերասրահի հետ համատեղ) և Presunic ցուցասրահում (Փարիզ, Ֆրանսիա և Թել Ավիվ, Իսրայել): 2014-2017 թվականներին նա մասնակցել է TransAngeles: Crossover Experimentation ցուցահանդեսին Wilhelm-Morgner-Haus-ում (Սոեստ, Գերմանիա, 2014), Chabot թանգարանում (Ռոտերդամ, Նիդեռլանդներ, 2016) և Neuer Kunstverein (Աշաֆենբուրգ, Գերմանիա, 2017): 2024-ին նրա «Ճանապարհ դեպի ինը» (Path to Nine) ինստալյացիան, որը ներառում էր 999 ոսկեզօծ ձուլակտորներ, ցուցադրվել է Բրուքլինի թանգարանի 200-ամյակին նվիրված ծավալուն «Միատարր ոսկի» (Solid Gold) ցուցահանդեսում:
Այժմ Լոս Անջելեսում բնակվող Զադիկյանը շարունակում է ուսումնասիրել մինիմալիստական ձևերը և ոսկու խորհրդանշական ուժը իր քանդակների և ինստալյացիաների միջոցով: