Գրիգոր Խանջյան
Գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Խանջյանը խորհրդային շրջանի հայ արվեստի նշանակալի դեմքերից է:
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանը 1961թ. արժանացել է Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963թ. ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչը 1973թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ. Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982թ.-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Արվեստագետը մահացել է Երևանում 2000 թվականին: