ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Հայոց գրերի խորհուրդը
- Ամսաթիվ 06 հկտ 2011
Հոկտեմբերի 6-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում կայացավ «Հայ գրերի խորհուրդը» միջոցառումը: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին և Եվրոպական ժառանգության օրերին:
Այս անգամ միջոցառումը բաղկացած էր երկու մասից, առաջինը` երեխաների, երկրորդը` մեծահասակների համար:
«Հայ գրերն իմ գրչով» մանկական ծրագիրը նախատեսված էր աշակերտների համար: ԳԱԿ-ի Խանջյան սրահում երեխաները ծանոթացան Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարին` հատուկ ուշադրություն դարձնելով «Հայոց այբուբեն» հատվածին: Ծանոթությունից հետո երեխաները փորձեցին պատկերել թռչնակերպ տառեր իրենց յուրահատուկ ոճով և գույներով:
Միջոցառումը շարունակվեց երեկոյան, արդեն մեծահասակների համար: «Հանդիպում արվեստի հետ» միջոցառման հյուրերն ունկնդրեցին Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի դասախոսությունը: Վերջինս ներկայացրեց հայ գրերի ստեղծման սկզբնաղբյուրները, տառատեսակները, նրանց թվային արժեքները և շատ այլ հետաքրքիր փաստեր:
Դասախոսությանը հաջորդեց «Սուրբ թարգմանիչներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Դոկումենտալ այս կինոնկարը մեկ անգամ ևս մատնանշեց հայկական գրերի ստեղծման և հայերեն մի շարք թարգմանությունների կարևորությունը հայ ժողովրդի ինքնության պահպանման հարցում: Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ «Շարական» համույթը` իր գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժշտի հետ: Նրանք կատարեցին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի կողմից գրված հոգևոր հայկական երաժշտություն: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության քսանամյակին: