ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. ԳԱԿ հանրային և համերգային ծրագրերը 2009-2018
- Ամսաթիվ 15 հնս 2019
Հունիսի 15-ին՝ ժամը 19.00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որի ընթացքում «ԳԱԿ հանրային և համերգային ծրագրերը 2009-2018. ամփոփում» խորագրով բանախոսությամբ հանդես կգա Կենտրոնի միջոցառումների համակարգող Էմմա Կիրակոսյանը:
Իր տասնամյա գործունեության ընթացքում Կենտրոնն իրականացրել է մոտ 1000 հանրային և համերգային ծրագիր: Առանձնահատուկ է «Հանդիպում արվեստի հետ» շարքը, որի շրջանակում բանախոսություններով են հանդես գալիս անվանի մշակութային գործիչներ: Ծրագրի մեկնարկից ի վեր կազմակերպվել է մոտ 70 հանդիպում՝ 7,000-ից ավելի մասնակիցներով:
Բանախոսն իր ելույթի ընթացքում անդրադարձ կկատարի նաև վերջին տասը տարիներին Կենտրոնի կողմից իրականացված համերգային ծրագրերին, մասնավորապես՝ «Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար»-ին և «Երաժշտության կասկադ»-ին: Մինչ օրս Կենտրոնը կազմակերպել է շուրջ 280 դասական երաժշտության համերգ, որոնց ներկա է գտնվել ավելի քան 20,000 ունկնդիր: «Երաժշտության կասկադ» համերգաշարի շուրջ 450 համերգների շրջանակում Կենտրոնի առավել քան 40,000 այցելու հնարավորություն է ունեցել վայելել ջազ, փոփ, ռոք, ինչպես նաև ազգային երաժշտություն:
Բանախոսությանը կհաջորդի ԱՄՆ-ից ժամանած “Nuclear Okra” դուետի համերգը: