ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Երվանդ Քոչար

  • Ամսաթիվ 02 հնս 2011

Հունիսի 2-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը ներկայացրեց նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարին: Միջոցառումը կազմակերպվել է ԳԱԿ-­ի և Երվանդ Քոչարի թանգարանի համատեղ ջանքերով:

Միջոցառման ծրագիրը ներառեց «Երվանդ Քոչարի Էպոսը» ֆիլմի ցուցադրությունը, դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթը` նվիրված մեծ արվեստագետին և Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը: 

Միջոցառումը բացեցին ԳԱԿ­-ի կրթական ծրագրերի պատասխանատու Մանե Մկրտչյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը: Բացման խոսքին հաջորդեց Երվանդ Քոչարի հեղինակած հայկական էպոսի նկարազարդումներին նվիրված վավերագրական ֆիլմի դիտումը: Ֆիլմն ամփոփեց արվեստաբան և արվեստի քննադատ դոկտոր Լևոն Չուգասզյանը: Իր խոսքում պարոն Չուգասզյանը կիսվեց հիշողություններով Քոչարի մասին` շեշտելով, թե որքան ուժեղ էր արվեստագետի կյանքը միահյուսված Երևանի պատմությանը: Դասախոսությանը հաջորդեց դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթը, ով ներկայացրեց Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի և Հարություն Դալալյանի երաժշտությունը: Միջոցառման վերջում հյուրերն Աստղերի հարթակում դիտեցին «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը