CYFEST 17
- Ամսաթիվ 15 հկտ 2026 – 17 հնվ 2027
- Ժամ 18:00 – 21:00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «CYFEST»-ը հայտարարում են CYFEST 17 Մեդիա արվեստի միջազգային փառատոնի մեկնարկը և «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրության հանդիսավոր բացումը հոկտեմբերի 15-ին, ժամը 18։30-ին Կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում։
«CYFEST»-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում են «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։
«CYFEST 17» փառատոնը պատիվ ունի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացնելու «Natura Naturans» (լատ․՝ «բնություն ստեղծող բնություն») ցուցահանդեսը, որը բովանդակալից երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը սերտորեն արտացոլում են ցուցահանդեսի հետաքրքրությունը լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի նկատմամբ։ Այս համատեքստում Կասկադը դառնում է ավելին, քան ցուցադրության վայր․ այն «Natura Naturans» ցուցահանդեսի անմիջական փորձառության և ըմբռնման անբաժանելի մասն է։
Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկերներ։ Բացման երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարբեր հատվածներում կներկայացվեն մի շարք պերֆորմանսներ: